29 մարտի 2009 - 18:01 AMT
Էստոնիայի հավաքականի մարզիչը. Անհատապես հայկական թիմը մեզ գերազանցել է
Էստոնիայի հավաքականի մարզիչ Տարմո Ռյույտլին խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այնքան էլ գոհ չէ խաղի արդյունքից, քանի որ Էստոնիայի հավաքականի դարպասին հասցված երկրորդ գոլն ավելի քան կասկածելի էր:

«Ինչպես ես նախկինում ասել եմ, երկու թիմն էլ հավասար շանսեր ունեին: Որոշ առումով արդյունքն արդարացի էր: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ տեսան խփված գնդակները: Մեզ ինչ, ֆուտբոլը հենց դրանում էլ կայանում է: Վերջ ի վերջո, այնքան էլ դատարկաձեռն տուն չենք վերադառնա: Ի դեպ, մենք մեկ խաղ էլ ունենք առջեւում: Այնպես որ, այդ երկու թիմերի համար որոշիչ կլինի պատասխան խաղը: Անհատապես հայկական թիմը մեզ գերազանցել է: Մենք պետք է շատ աշխատենք նրանց հասնելու համար: Գոհ կլինեի, եթե խաղն ավարտվեր 2:1 հաշվով ի օգուտ մեզ, քանի որ մեր դարպասին հասցված երկրորդ գոլը «սատանան գիտի` գոլ էր, թե ոչ»: Բայց ինչպես ասում են, կռվից հետո բռունցքները չեն թափահարում», - ասել է Ռյույտլին:

Ռյույտլին նաեւ նշել է, որ պատասխան խաղում Էստոնիայի հավաքականը միայն հաղթանակի կձգտի:

«Պատասխան խաղում, մենք բացի հաղթանակից այլ տարբերակ չունենք: Եթե խաղի ընթացքը թելադրի պաշտպանողական մարտավարություն, ապա մենք այդպես էլ կվարվենք: Սակայն մենք ինքներս պաշտպանողական ֆուտբոլ չենք խաղալու: Մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ», - նշել է Էստոնիայի հավաքականի մարզիչը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Էստոնիա խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա Թալլինում ապրիլի 1-ին: