Ռուսաստանը լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա:
Զախարովան ասել է, որ երկարաժամկետ առումով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ գործարկումն է, ինչը ֆիքսվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021-ի նոյեմբերին Սոչիում արված համատեղ հայտարարությունում:
«Կարևոր է, որ երկկողմ հանձնաժողով ստեղծվի։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմանի խորհրդատվական օգնություն»,-ասել է նա։
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։