24 հունվարի 2022 - 17:02 AMT
Առաջարկ. Քննարկել ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկումը

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են քննարկել նաև ավագ դասարաններում «Արհեստական բանականություն» առարկայի փորձարկման հնարավորությունը` հաշվի առնելով, որ այս ուղղությունն ունի զարգացման մեծ հեռանկար: Այդ մասին ասվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հանդիպմանը։

Նշվել է, որ վերջին տարիներին ՏՀՏ գործատուների միության հետ համագործակցությամբ Հայաստանի 10 ավագ դպրոցներում փորձարկվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչից բխող բնագիտամաթեմատիկական և ՏՏ առարկաների դասավանդման հիմնական մոտեցումները` ընդգծելով, որ դրանց հատկացվող ժամաքանակի ծավալն ավելացվել է: Նա նշել է, որ նախկին «Ինֆորմատիկա» առարկան, ըստ նոր չափորոշչի, կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», ինչը ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։

Առաջարկվող դասընթացի ներդրման հարցը նոր չափորոշչի պահանջներին համապատասխան քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Նշվել է, որ 2021 թվականի սեպտեմբերից Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում է հանրակրթության չափորոշիչը, ըստ որի` միջին դասարաններից ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, որոնց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՏՀՏ ընկերությունների հետ համագործակցությունը կարևոր է:

Քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀՏ ընկերությունների առաջարկները քննարկելու ավելի լայն մասնագիտական խմբով:

Հանդիպմանը ներկա էին ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներ Հովիկ Մուսայելյանը («Սինոփսիս Արմենիա»), Գագիկ Էվոյանը («Հայլինք»), Արթուր Ղուլյանը («Օպտիմ Արմենիա»), Տիգրան Սիմոնյանը («ԱԿԲԱ բանկ»), Էդուարդ Մուսայելյանը (ՏՀՏ միություն): Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: