Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ամփոփելով 2021 թվականի արդյունքները, խոսել է նաև 2022 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին՝ նշելով, որ կարևոր խնդիրներից է սկրինինգների միջոցով հիվանդությունների վաղ հայտնաբերումը։
Նա հիշեցրել է, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը, գրում է «Ա1+»-ը։
Նախարարը հավելել է, որ արվելու է հնարավորը քաղաքացիներին զերծ պահելու այդ սովորությունից՝ նշելով, որ Հայաստանում դեռ պահպանվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշ։
Ինչ վերաբերում է քաղցկեղի բուժմանը, ապա նախարարը նշել է, որ այն պետպատվերի շրջանակում ընդգրկելուց հետո մարդկանց դիմելիությունն ավելացել է։
Նախարարը նշել է, որ մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզում:
2022 թվականին աշխատանքները տարվելու են մի շարք ուղղություններով` առողջության համապարփակ ապահովագրության ներդնում, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ, STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում, բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում, էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն: