25 հունվարի 2022 - 10:59 AMT
Փաշինյան․ Նոր նախագահի ու քաղմեծամասնության միջև պետք է ներդաշնակություն լինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ի առցանց ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին, ասել է, որ իմացել է Արմեն Սարգսյանի մտադրության մասին հրաժարականի հրապարակումից մոտ 3․5 ժամ առաջ, վերջինիս հետ հեռախոսազրույցից։

«Ես ուզում էի հասկանալ` որոշումը քննարկման ենթակա է, թե՞ ոչ։ Հարցրել եմ` ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ տեղեկացնոմ է կայացրած որոշման մասին։ Նա ասել է, որ կայացրել է որոշումը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հրաժարականի բացատրություններն ինքն ընդունում է ի գիտություն և չի մեկնաբանում։

Անդրադառնալով նախագահի նոր թեկնածուի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ այն դեռևս չի քննարկվել, սակայն, իր կարծիքով, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է քաղաքական ներդաշնակություն լինի։

«Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավել ևս՝ հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»,- ասել է նա և հավելել, որ ԱԺ-ն, կառավարությունն ու նախագահը պետք է» իրենց կապված զգան միասնական պատասխանատվությամբ»։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ իր և Արմեն Սարգսյանի տեսակետները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարբերվում էին։ «Նախորդ հարցուպատասխանի ժամանակ ես ասել եմ, որ իմ դիրքորոշումը տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից, բայց նաև ասել եմ, որ 2018-ից ի վեր սահմանադրության մեջ նախագահի լիազորությունների մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին Hetq.am-ի հրապարակման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը քիչ հավանական է համարել, որ Արմեն Սարսգյանը ՀՀ քաղաքացիություն չունի և ասել է, որ եթե կան նման փաստեր, դրան պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն՝ նշելով, որ դա իր քննարկելու մանրամասները չեն։

«Հետքը» գրել էր, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս եղել է Սենթ Քիդս և Նևիսի քաղաքացի։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։