25 հունվարի 2022 - 13:22 AMT
Ճգնավորյանը 2 մեծ ստեղծագործություն նվիրել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Հայտնի իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ, 2 մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այդ մասին նա ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է Դումանյանը:

Նախարարը կոմպոզիտորին հրավիրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայանալիք «Հերոսներին. 44» խորագրով համերգին. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված է պատերազմի հերոսների հիշատակին:

Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով:

«Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,- ասել է մաեստրոն:

Նա տեղեկացրել է, որ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի:

Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: