25 հունվարի 2022 - 15:31 AMT
Hürriyet․ Օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքների հարցը, Կարսում և Վանում աշխատանքներ կտարվեն

Թուրքական Hürriyet-ը, անդրադառնալով Թուրքիայի նախագահականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցության արդյունքներին, գրել է, որ առաջիկայում օրակարգ կգա Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքներ սկսելու հարցը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը, գրում է Еrmenihaber-ը՝ Hürriyet-ին հղումով։

«Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարգ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթեր կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել:

Բացի այդ, ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։

Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ սկսվելու են նաև առևտրային հարաբերություններ»,-ասվում է հրապարակման մեջ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։ Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։