25 հունվարի 2022 - 17:50 AMT
Մոտ 2000 հուշարձան է մնացել Արցախի բռնազավթված տարածքներում

2020 թվականի աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել մոտ 2000 հուշարձան, այդ թվում՝ «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները, տեղեկացնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել է մոտ 200 նորահայտ հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ, ոմանք՝ արձանագիր, ոմանք էլ՝ կարևոր տեղեկություններ պարունակող:

Հաշվետու ժամանակահատվածում գործել է շրջանային 4 ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:

2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ։