25 հունվարի 2022 - 18:56 AMT
Եսայան․ Հայաստանյան ՏՏ ոլորտի աշխատակիցներից շատերն իրենց ընկերություններում $1-3 մլն մասնաբաժին ունեն

Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններից շատերի աշխատակիցներն իրենց ընկերություններում 1-3 մլն դոլարի մասնաբաժին ունեն։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Այսօր այդ ընկերությունների աշխատակիցներն ունեն մասնաբաժին այդ ընկերություններում։ Այսինքն` այն, ինչ ԱՄՆ-ում կա, որ ընկերության աշխատակիցը բացի աշխատավարձից նաև ստանում է անձնական մասնաբաժին, սկսել է կիրառվել նաև մեր երկրում։ Արդեն 1 մլն, 2 մլն, 3 մլն մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան Հայաստանում, ու նրանք թիվը մեծ է։ Մեկ ընկերությունում աշխատող, ասենք` 50 մարդ կա, որ արդեն 1 մլն դոլարից ավելի մասնաբաժին ունի»,- ասել է Եսայանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա մեկնաբանմամբ, դա նշանակում է, որ այդ ընկերությունների աշխատակիցներն իրենց բաժնեմասը վաճառելով՝ կարող են նոր ընկերություններ հիմնել ՏՏ ոլորտում` մասշտաբի էֆեկտի շնորհիվ նպաստելով ոլորտի զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը։

«Դրա համար ես կարծում եմ, որ մենք մեծ հաջողություններ ունենք, ու այդ ամենը կարելի է ասել` տեղի է ունեցել վերջին 2-3 տարիների ընթացքում»,- ասել է Եսայանը։

ԱՏՁՄ վարչության նախագահը նշել է, որ հայաստանյան ընկերությունները վերջին 3 տարիներին թռիչքաձև զարգացում են ապրել նաև միջազգային շուկայում։

«Փոխվել է Հայաստանի ընկալումը միջազգային շուկայում։ Նույն ԱՄՆ-ում, որտեղ այսօր կենտրոնացած են բոլոր վենչուրային փողերը, ստարտափները, աշխարհի հաջող պրոյեկտների մեծ մասն այնտեղից են գալիս, այսօր ամերիկյան վենչուրներն արդեն գիտեն ինչ է Հայաստանը։ Որովհետև ունենք մի քանի հաջողված ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանը։ Դա «Սերվիս տիտանն» է, դա Picsart-ն է, «Կրիսպն» է»,- ասել է Եսայանը։

Նրա խոսքով, այս ամենն այն հենասյուներն են, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի ՏՏ ոլորտի հետագա զարգացումը։