25 հունվարի 2022 - 18:57 AMT
Քննարկվել է «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացումը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քննարկել են «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացումը։

Նշվում է, որ հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Քննարկման առանցքում են եղել նաև հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանն ու մանկապարտեզաշինությանը, ինչպես նաև մայրաքաղաքի մաքրության ապահովման աշխատանքներին վերաբերող հարցեր։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը կգտնվի իր ուշադրության կենտրոնում: