26 հունվարի 2022 - 11:49 AMT
ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանը մարդու իրավունքներին առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն քննարկել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն):

Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ:

Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում: