26 հունվարի 2022 - 15:36 AMT
QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների միայն մի մասը

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։ Այդ մասին ասել է ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։

ԱՐՄԵԴ համակարգի տնօրենն ասել է, որ մտահոգությունները հաշվի առնելով, հունվարի 25-ի ուշ երեկոյան առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո որոշում է կայացվել անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար փակել որոշ տվյալներ։

Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն են հայտնել, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։