26 հունվարի 2022 - 15:41 AMT
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում Covid-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթի» արտադրությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանն ասել է, որ դեղագործության ոլորտում հայ-իրանական գործակցության մեծ պոտենցիալն ակնհայտ է: «Մենք մշտապես դիտարկում ենք փոխադարձաբար իրանական արտադրության դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունները»,- ասել է նա:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հետաքրքրվել է Հայաստանում Covid-19-ի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությամբ:

Զոհուրին իր հերթին ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը բարձրացնելու կարևորությունը` առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը որակական նոր աստիճանի բերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ներդրումային ծրագրեր, դեղարտադրության, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր մեթոդների կիրառմամբ մատուցվող նեղ մասնագիտական մի շարք ոլորտներում համագործակցության, առողջապահական տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև առողջապահության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային կապերի ակտիվացմանն ուղղված այլ ծրագրերի, քննարկել կրթական ծրագրերի ինտեգրման ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: