26 հունվարի 2022 - 16:47 AMT
Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափն ավելանում է

Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափն ավելացվում է։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ասել է, որ կենտրոնը տարեվերջին հանրագիր էր ներկայացրել արդարադատության նախարարություն, որ վերանայվեն վարչական պատասխանատվության չափերը, որոնք կկիրառվեն տեղեկություն ստանալու իրավունքի խախտող պաշտոնյաների նկատմամբ, տեղեկացնում է «Առավոտը»։

«Տեղեկատվության ազատության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը թեև լուծվում են, բայց մի ստվար զանգվածը, օրինակ, լիարժեք պատասխանների ներկայացվող պահանջները, հարցումների պատասխանները չուշացնելը, բավականին մեծ ծավալով խախտումներ ենք մենք արձանագրել վերջին տարիներին: Եվ մյուս կողմից՝ չկա որևէ կանխող, զսպող մեխանիզմ, որը կարող էր այս փորձը որոշակիորեն բարելավել: Այդ նպատակով մենք մեր քննարկումների արդյունքում և հենվելով ավելի քան 20-ամյա փորձի վրա, եկանք այն եզրահանգմանը, որ այնուամենայնիվ, վարչական պատասխանատվության նորմերը, եթե լինեն պատշաճ մակարդակի և նաև պատշաճ կիրառվեն, կարող են ունենալ լուրջ կանխարգելող գործառույթ, որը կարող է կանխել հետագա խախտումները: Եվ նաև այն միտքն էր, որ մինչև պաշտոնյան անձնապես վնաս չի կրում իրավախախտումը թույլ տալու հետևանքով՝ հետագա խախտումները գործելիս զսպող որևէ մեխանիզմ չկա»,- ասել է Շուշան Դոյդոյանը:

Նա նշել է, որ այդ պատճառով որոշել են միջին աշխատավարձին համարժեք բարձրացնել վարչական պատասխանատվության չափերը: Տեղեկատվությունը ապօրինաբար չտրամադրելու արդյունքում նախատեսված է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հիսունապատիկի չափով տույժի կիրառում: Առաջարկվել է այն ավելացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի 30-պատիկից մինչև 70-պատիկի չափով: Նույն խախտումը կրկնելու դեպքում՝ նախատեսված էր նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 100-պատիկ չափով, առաջարկվում է այն դարձնել նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 150-ապատիկի չափով:

Արդարադատության նախարարության իրավական ապահովան վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Մարգարիտա Զալիբեկյանն ասել է, որ փորձը վկայում է, որ բազմաթիվ են անհարկի մերժումները, թերի պատասխանները, պատասխան չտրամադրելը: Իսկ օրինական մերժումները շատ քիչ տոկոս են կազմում:

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Անի Միքայելյանը հավելել է, որ դատական գործերը այս ոլորտում այդքան էլ շատ չեն՝ գործերի երկար քննության, ժամանակ խնայելու պատճառներով. «Կարծում ենք, որ նախագծի ընդունմամբ՝ որոշակիորեն ոլորտում առկա խնդիրները կլուծվեն, հենց միայն նրանով, որ կնախատեսվի զսպող մեխանիզմ»:

Օրենքում վերջին անգամ փոփոխությունը կատարվել է 2003 թվականին: