27 հունվարի 2022 - 11:54 AMT
Թաթոյանի առաջարկով ՀՀ-ում Մարդու իրավունքների ակադեմիա կստեղծվի

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր առաջարկով և ԵՄ ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարում կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմենի աշխատակազմում, ինչպես նաև մարզային նոր ստորաբաժանումներ, եղածներն էլ կուժեղացվեն:

«Հունվարի 25-ին մասնակցել եմ միջազգային նոր ծրագրի մեկնարկին, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է`

1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. նպատակ ունեի այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն:

Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսել ենք դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ եղան քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ. մեր գործընկերները հետևողական եղան այս հարցում:

Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016-ին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը` որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով:

2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում:

3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում:

4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում:

5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ»,-ասվում է գրառման մեջ: Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչի միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»։

Թաթոյանը հունվարի 25-ին մասնակցել է «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցությունը եղել է առցանց, քանի որ քանի որ այս օրերին ՄԻՊ-ն այցով գտնվում է Բրյուսելում: