27 հունվարի 2022 - 15:44 AMT
Տեղահանված արցախցիները նամակներ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և ՀՀ ԱԳՆ-ին

Տեղահանված արցախցիները հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ներկայացնելու խնդիրներն ու պահանջները։ Նրանք նամակներ են փոխանցել ՄԱԿ գրասենյակին և ՀՀ ԱԳՆ-ին։

«Մեզ հետաքրքրում է Արցախի Հանրապետության քաղաքական ու սոցիալական կարգավիճակը, քանի որ մեզ՝ Հայաստանում վերաբնակվողներիս առաջարկում են վերադառնալ Արցախ։ Մենք ուզում ենք քննարկել մեր՝ փախստականի փաստացի կարգավիճակի իրավական հարցերը։ Այս հարցերի քննարկումից ու լուծումից է կախված մեր բնակության հարցերը։ Նման իրավիճակում վերադառնալ Արցախ ոչ միայն անհնար է, այլև հղի է նոր ցեղասպան գործողություններով։ Ուստի այդ տարբերակը մեզ համար իսպառ բացառվում է, իսկ նման որոշում ընդունողները ոճրագործներ են»,-ասված է «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ պահանջում են Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների վերադարձ, հայտնում է Panorama.am-ը։

«Նրանք, ովքեր ասում են, գոնե Շուշին և Հադրութը վերադարձնենք, չեն հարգում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում, որը Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարվել է»,-ասել է նա։

Տեղահանված արցախցիները համոզված են, որ պատերազմի ավարտից հետո առաջացած բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերադարձի դեպքում, երբ իրենք կվերադառնան իրենց տները։

Մասնակիցներից մեկն ընդգծել է, որ եթե Արցախի Հանրապետության տարածքները չվերադարձվեն, անգամ Երևանում հայի համար կյանք չի լինելու։