28 հունվարի 2022 - 16:27 AMT
ՄԻՊ․ Մեր բանակն անկախության և անվտանգութան գլխավոր երաշխիքներից է

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում նշել է, որ բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգության, ամուր պետականության գլխավոր երաշխիքներից է, յուրաքանչյուրիս հպարտությունը:

«Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են:

Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը: Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով: Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները:

Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում:

Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։

«Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամբողջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ»,-ասվում է ուղերձում: