28 հունվարի 2022 - 17:35 AMT
Միրզոյան․ Պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ 44-օրյա պատերազմի պարտությունից պարտավոր ենք դասեր քաղել։

«Մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ ու վերակենդանացմամբ, ինչպես նաև՝ մնացած բոլոր պետական ինստիտուտների, որևէ պետություն այլ այլընտրանք չի կարող ունենալ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

Այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այսօրվա իշխանությունը, ընդդիմության տեսակետով «պղծում է Եռաբլուրը», ԱԳ նախարարն արձագանքել է. «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմութան զանազան հարցերով տեսակետները, բայց խնդրում եմ՝ ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 1990-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի, այնպես որ՝ այդ հեքիաթները դրեք մի կողմ: Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեր հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել, ոչինչ չթաքցնել»:

Միրզոյանը նշել է, թե պետք չէ գնալ ու բանակցել մի բան, հետո գալ ու հայտարարել բոլորովին ուրիշ բան: «Ինչ ես բանակցում եմ, Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում եմ, որևէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է», - վստահեցրել է նա:

Նա հավելել է, որ «ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չի անցնել»։ «Մյուս կողմից, մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, որ հարևան պետության հետ ունեցել է շատ երկար հսկամարտություն», - ասել է նա:

Միրզոյանն ընդգծել է, որ տրամադրված են տարածշրջանում կայուն ու երկարատև խաղաղություն կառուցելուն:

«Մշտապես հիշելով ու պատվելով զոհվածների հիշատակը, անընդհատ մտածելով նաև զոհվածների հարազատների, ծնողների նուրբ զգացմունքների մասին՝ միևնոււյն ժամանակ, պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետև նրանք զոհվել են, որ մյուսները ապրեն», - հայտարարել է նախարարը: