28 հունվարի 2022 - 18:04 AMT
Լուկաշենկո․ Եթե ՌԴ-ի վրա հարձակվեն, ռազմական աջակցություն կցուցաբերենք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի վրա հարձակվեն, Բելառուսը ռազմական աջակցություն կցուցաբերի ՌԴ-ին։

«Ամենուր կրիտիկական աստիճանի է հասնում ագրեսիայի մակարդակը։ Խաղաղարար նախաձեռնությունները մի կողմ են դրվում։ Մեծ միջուկային տերությունները փորձում են նոր պայմանավորվածությունների հասնել՝ հասկանալով, որ երրորդ համաշխարհային պատերազմին մոլորակը կարող է և չդիմանալ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Լուկաշենկոյի, պատերազմի այլընտրանքը նոր պայմանավորվածություններն են առանցքային տերությունների միջև՝ հավաստիացնելով, սակայն, որ եթե ագրեսիա լինի ՌԴ դեմ, Բելառուսը հանդես կգա իր դաշնակցի կողմից։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ եթե դա ՌԴ-ից է կախված, Ուկրաինայի հետ պատերազմ չի լինի։

Ռուսաստանը պահանջել էր ՆԱՏՕ-ից չընդլայնվել դեպի արևելք և չընդունել Ուկրաինային դաշինքի կազմում։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանել են անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներին՝ դաշինքի ընդլայնումից չեն հրաժարվելու։

Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։