10 փետրվարի 2022 - 16:01 AMT
Վրացական Imedi TV-ն ներողություն է խնդրել հայկական մածունի մասին ռեպորտաժի համար. «Տեխնիկական սխալ էր»

Վրացական Imedi TV-ն ներողություն է խնդրել «տեխնիկական սխալի համար»․ մածունի արտահանման հարցի վերաբերյալ լուրերի թողարկման ժամանակ հետևի ֆոնին ցուցադրված կադրերում շշի վրա հայատառ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», իսկ ներքևի մասում՝ «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրությունների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Հեռուստաընկերությունը նաև հայտնել է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։

«Փետրվարի 9-ին վրացական Imedi հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։

Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին Imedi հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար»,-ասվում է գրառման մեջ։

Դեսպանատունը ներկայացրել է նաև հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։

«Imedi հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար․ «Քրոնիկոնի» 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

Imedi հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»,-ասվում է վրացական Imedi հեռուստաընկերության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնին» ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը Sputnik Արմենիային ասել է, որ վրացական կողմը սկսել է խնդիրներ ստեղծել կաթնամթերքի հայ արտադրողների համար։