31 մարտի 2009 - 19:47 AMT
Երեւանի ու Անկարայի միջեւ երկխոսությունը կարող է լուրջ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երկար տարիներ ընթացող բանակցությունների ավարտի համար կարող է մեծ դեր խաղալ թուրք-հայկական երկխոսությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնը: Նրա խոսքով, հիմնական խնդիրը այդ տարածաշրջանին խաղաղություն բերող մեխանիզմի կառուցումն է մաս առ մաս: «Արդյունքում կարելի է պայմանավորվածության հասնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, իսկ հնարավոր է նաեւ` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Ինձ թվում է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ բանակցությունները կծառայեն դրան: Բայց ես չեմ գտնում, որ կարող եմ նման հարցում խորհուրդներ տալ Ադրբեջանի ղեկավարությանն ու ժողովրդին»,- ասել է նախկին դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ ո'չ Կովկասում, ո'չ էլ այլ տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի: Նրա խոսքով, հակամարտությունը փակուղի է: «Հակամարտությունների լուծումը երկխոսությունն ու համագործակցությունն է, ուստի գտնում եմ, որ Թուրքիան ճիշտ ճանապարհին է»: Նախկին դեսպանն ասել է, որ ոչինչ չգիտի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանների` ապրիլին ծրագրվող բացման մասին, հաղորդում է ԱՊԱ-ն: