14 փետրվարի 2022 - 14:12 AMT
ՄԻՊ-ը՝ Չեխիայի դեսպանին․ Ադրբեջանցի զինվորները պետք է հեռանան, անվտանգության գոտի է պետք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ հանդիպմանն ասել է, որ այժմ գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը:

Նա նշել է, որ Ադրբեջանի զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի. պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Թաթոյանը ներկայացրել է ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Թաթոյանին պաշտոնավորման ամբողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար:

Ավելի վաղ Թաթոյանը, անդրադառնալով Սյունիքում անվտանգության գոտու անհրաժեշտությանը, հայտարարել էր, որ անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը։ «Ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները տեղադրվում են հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Օրինակ, երբ Գորիսից Շուռնուխ կամ Որոտան եք ուղևորվում, այդտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով մարդիկ խուսափում են երթևեկել»,-ասել է նա։