31 մարտի 2009 - 22:27 AMT
ԱՄՆ նախագահը սկսել է իր առաջին եվրոպական շրջագայությունը
Մարտի 31-ին ԱՄՆ նախագահը մեկնել է Լոնդոն: Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը խիստ հագեցած է: Նա կմասնակցի երեք գագաթնաժողովի, տասնյակ երկկողմ հանդիպումներ կունենա համաշխարհային առաջնորդների հետ, ելույթ կունենա ծրագրային խոսքով սպառազինությունների վերահսկողության մասին եւ կպատասխանի երիտասարդների հարցերին ինտերնետով:
G-20 խորհրդակցությունը հազիվ թե միակարծիք լինի: Բարաք Օբաման նախորդ շաբաթներին ակտիվորեն քննարկել է տնտեսության պետական խթանման վերաբերյալ իր վարչակազմի ծրագիրը: «Եթե մյուս երկրները նմանատիպ միջոցներ ձեռնարկեն, մենք միասին կկարողանանք դիմակայել արտադրության նվազեցմանը եւ խթանել ելքն անկումից: Մենք դա մեծապես կարեւորում ենք: Չինաստանն արդեն իսկ նման մի բան է անում» ,-հայտարարել է նախագահը:
Սակայն շատ եվրոպական պետություններ կասկածներ ունեն նման մոտեցման հաջողության վերաբերյալ, նրանք գերադասում են շեշտը դնել պետական կանոնակարգման, ոչ թե շուկայական մեխանիզմների վրա: Կհաջողվի արդյո՞ք համատեղել նման հեռու տեսակետները: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին արդեն հաղորդել է, որ մտադիր չէ համաձայնվել «հաջողության պատրանքին» գագաթնաժողովում, հաղորդում է VOA News-ը: