21 փետրվարի 2022 - 16:24 AMT
Կասկադի շինարարությունն ավարտելու հարցով «Գաֆէսճեան»-ի հետ բանակցությունները վերսկսվել են

Միջոցներ են ձեռնարկվում մայրաքաղաքի կենտրոնը Արաբկիրին կապող՝ «Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:

«Մեր կողմից առաջարկվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել և իրականացնել ներդրումային նոր ծրագիր:Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակություն ցուցաբերելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու տեսանկյունից»,- ասել է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը:

Նա նշել է, որ խնդրի առնչությամբ որոշել են լսել նաև հիմնադրամի դիրքորոշումը: Մեզ փոխանցել են. «Այս պահին հոգաբարձուների խորհուրդը դեռ քննարկում է»:

«Եթե նրանք պատրաստ չեն շարունակելու իրենց պարտավորությունները, ապա ես կասկած չունեմ, որ ներդրողների հերթ կգոյանա: Միշտ հաշվի են առնվում կառուցապատողների խնդիրները, բայց նրանք պարտավոր են հաշվի առնել քաղաքի զարգացմանը չխոչընդոտելը: Եթե ինչ-ինչ պատճառներով չեն շարունակում ծրագիրը, ապա պետք է կամ ներգրավեն այլ ներդրողներ կամ հանձնեն համայնքին»,-ասել է Նարեկ Սարգսյանը:

«Մենք նախագծեր, մտքեր ունենք, պատրաստ ենք համագործակցել, որ խնդիրը լուծում ստանա: Այդտեղ կարելի է կառուցել և հյուրանոց, և դահլիճներ...» ,- նշել է ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, որը «Կասկադ» նախագծի իրականացմանը մասնակցած խմբի անդամ է եղել:

«Գաֆէսճեանն անցկացրեց միջազգային մրցույթ, արդյունքները բավարար չէին: Երիտասարդ մի այլ ճարատարապետի հետ համագործակցեց. ստացվեց մի փոսորակ, որը նախատեսված էր արագորեն կառուցապատել, բայց, ցավոք, նրա մահից հետո շինարարությունը չշարունակվեց»,-պատմել է Ասլան Մխիթարյանը:

Կասկադից դեպի Ազատության պողոտա բարձրացող հատվածն այժմ ամբողջությամբ անխնամ է: Շինարարական փոսորակը որոշ քաղաքացիներ դարձրել են աղբավայր: 2013 և 2019 թվականներին հիմնադրամը քաղաքապետարան է ներկայացրել երկու էսքիզային տարբերակ, որոնց, սակայն, մասնագետները հավանություն չեն տվել, սակայն մինչ օրս չկա ներկայացված վերջնական առաջարկ և մինչ հիմա որևէ ներդրում սեփականտիրոջ կողմից չի արվել, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

«Այդ հատվածը պետք է անպայման կառուցվի, որովհետև դա Երևանի կենտրոնական մասի ամենահետաքրքիր մասն է»,- նշել է Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: 1988թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց։

1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ: 2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ է: