Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում Ադրբեջանը ներկայացնող պատգամավոր Սոլթան Մամեդովը հայտարարել է, թե Բաքուն, իբր, «պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»։
«Ինչ վերաբերվում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,–ասել է Մամեդովը` հավելելով, որ չեն ուզում անդրադառնալ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 4000 ադրբեջանցիների ճակատագրերի «խեղմանը», գրում է «Փաստինֆոն»։
Խոսելով երկու երկրի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին՝ Մամեդովը հայտարարել է, թե «2 երկրի միջև կոնֆլիկտը լուծվել է» և իրենք պատրաստակամ են այդ հարցերով զբաղվել։ Ավելին՝ նշել է, թե հայկական կողմից ստանում են դրական ազդակներ, ինչը ուրախալի է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի կայացումն անխուսափելի է, հիշեցրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», գրում է Aysor.am-ը։
«Ադրբեջանի կողմից խնդիրները լուծելու եղանակը վերջիններիս գոյությունն անտեսելն է: Ադրբեջանի կարծիքով չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, չկան ռազմագերիներ, չկար արգելված զինատեսակների կիրառում 2020-ի պատերազմի ժամանակ, տեղի չի ունեցել մշակութային ժառանգության ոչնչացում և այս պահին էլ չի շարունակվում ոչնչացվել, Արցախում չեն եղել ահաբեկչական խմբեր, ոչ մի զինված ուժեր չեն եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և չկան այս պահին: Սա խնդիրները կարգավորելու շատ հետաքրքիր ձև է՝ անտեսել խնդիրը»,-ասել է Մամիջանյանը։
Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով օրակարգային հարցը, որի շրջանակներում քննարկվել է ԼՂ հակամարտությունը, սակայն առանձին բանաձև կամ նախագիծ չէր նախատեսվում, գրում է «Փաստինֆոն»։
«Խոսել են հրավիրյալ փորձագետներ, այնուհետև՝ քաղաքական գործիչները մտքերի փոխանակություն են իրականացրել։ Բանաձև չկար, որ պետք է դրվեր քվեարկության, չէր նախատեսվում»,- նշել է Կարապետյանը։
Ադրբեջանի խորհրդարանի 2 պատգամավոր է մասնակցում Երևանում ընթացող Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ կոմիտեի նիստին՝ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում է նիստը, Երևանում եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, զոհվածների հարազատներ։