ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը, հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք Մերձավոր արևելքից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախում և Հայաստանում գործել են մարդկայնության դեմ բազմաթիվ հանցանքներ, մինչ օրս չեն պատժվել. եվրոպական ոչ մի պատժամիջոց չի կիրառվել նրանց դեմ:
Խոսելով ադրբեջանցի «գործընկերներին» ուղղված իր մեսիջի մասին՝ Ղազինյանն ասել է, որ այն շատ պարզ է՝ «չշփոթել հայ ազգը, հայկական պետությունը մի խումբ պոպուլիստների հետ, ովքեր պատահականորեն ղեկավարում են Հայաստանն այս ծանր ժամանակահատվածում», գրում է Aysor.am-ը։
«Հայ ազգի և պետական մարդկանց անունից փոխանցեք պարոն Ալիևին և նրա բոսերին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է հայկական: Եվ սա լինելու է աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի սուրբ պարտքը։
Երբեք չմոռանաք այն պատերազմի արդյունքը, երբ մեր պետությունը ղեկավարվում էր ոչ թե պոպուլիստների, այլ իրական առաջնորդների կողմից: Չմոռանաք նաև, որ նույնիսկ քանակական առավելության և Թուրքիայի, Պակիստանի ու միջազգային ահաբեկիչների աջակցության պայմաններում երիտասարդ հայ զինվորները 44 օր կատաղի կռիվ տալով, պաշտպանում էին իրենց Հայրենիքը»,-ասել է նա:
Ղազինյանը հավելել է, որ տևական ժամանակ ղեկավարել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և ակադեմիական պատկերացում ունի Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին:
«Սակայն, հետևելով ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ միացյալ Եվրոպայի արձագանքներին, ուղղակի զարմացած եմ և խճճված. իմ իմացած Եվրոպան չէր կարող թույլ տալ այսպիսի բացահայտ երկակի ստանդարտներ: Ես չեմ ճանաճում այն Եվրոպան և չեմ գտնում այն եվրոպական արժեքները, որոնք պաշտպանել և որոնց համար պայքարել եմ ավելի քան մեկ տասնամյակ»,-ասել է նա:
Ադրբեջանի խորհրդարանի 2 պատգամավոր է մասնակցում Երևանում ընթացող Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթ կոմիտեի նիստին՝ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Եվրանեսթի նիստում Մամեդովը հայտարարել է, թե, Բաքուն, իբր, «պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»։
Մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում է նիստը, եվրոպացի և ադրբեջանցի պատգամավորների այցի կապակցությամբ բողոքի ակցիա են իրականացնում հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ, զոհվածների հարազատներ։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի հայատյաց քայլերին չարձագանքելու դեմ։