23 փետրվարի 2022 - 11:48 AMT
ՀՀ ԱԳՆ․ ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման հարց օրակարգում չկա

ՀՀ ԱԳՆ-ն, պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, տեղեկացրել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց օրակարգում չկա:

«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»,-ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հավանական է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից, ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ «նման հարց օրակարգում չկա»։

Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։