23 փետրվարի 2022 - 13:16 AMT
Բաքուն դժգոհ է․ ՌԴ ԱԳՆ-ն Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակման մեջ հիշատակել է Արևելյան Հայաստանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ պատմական տեղեկանքում Արևելյան Հայաստանի հիշատակումը։

Հրապարակումը նվիրված է ՌԴ և Պարսկաստանի միջև կնքված այդ պայմանագրի 194-ամյակին, որտեղ նշվում է, որ «Ռուսական կայսրությանն են անցնում Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվում է չխոչնդոտել հայերի վերաբնակեցմանը Հայկական շրջանում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, թե «Արևելյան Հայաստան արտահայտությունը չի հիշատակվում պայմանագրի տեքստում և ՌԴ ԱԳՆ Պատմական փաստաթղթերի դեպարտամենտին դա լավ է հայտնի և ակնկալում է, որ այդ խեղաթյուրումը ՌԴ ԱԳՆ սոցցանցի պաշտոնական էջում կշտկվի», գրում է Haqqin.az-ը։

Ադրեջանին հատկապես «վրդովեցրել է» այն փաստը, որ հրապարակումը տեղ է գտել հենց այն օրը, երբ Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր է ստորագրվել ՌԴ և Ադրբեջանի միջև։

Թուրքմենչայի պայմանագիրը 1828 թ․ստորագրվել է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայ գյուղում` վերջ դնելով 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմին։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։