26 փետրվարի 2022 - 10:40 AMT
ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Պուտինի, Լավրովի, Միշուստինի դեմ

ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, վարչապետ Միխայիլ Միշուստինի դեմ։

ԵՄ պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ Պուտինը «հրաման է տվել ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայում և ռուսական զինված ուժերը հարձակում են սկսել Ուկրաինայի դեմ»։ Նշվում է, որ Լավրովը, որպես ՌԴ ԱԽ անդամ, հավանություն է տվել ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության անհապաղ ճանաչմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եվրամիության պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում են հայտնվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

ԵՄ խորհուրդը նաև սահմանափակել է ՌԴ կառավարության, ՌԴ ԿԲ-ի և մի շարքը ռուսական ֆինանսական ինստիտուտների մուտքը Եվրամիության կապիտալի շուկա։ Սահմանափակումն ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ին, գրում է Deutsche Welle-ն։

Բրյուսելը նաև արգելել է ՌԴ հետ առևտրի պետական ֆինանսավորումը և ներդրումները ՌԴ-ում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

Photo. Ria Novosti