26 փետրվարի 2022 - 16:43 AMT
Ռուս խաղաղապահերը Խրամորթում բանակցում են ադրբեջանցիների հետ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որի բնակիչներին ադրբեջանական մոտակա դիրքերից հայերեն լեզվով հորդորում են «լքել տներն ու հեռանալ», այցելել են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՆԳՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունքների մասին կիրազեկեն։

«Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերն իհարկե անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն ըստ էության խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։

Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- ասվում է գրառման մեջ։

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական դիրքերից բնակիչներից բարձրախոսով պահանջում են լքել տներն ու հեռանալ։ Ընդ որում, դա արվում հայերեն լեզվով օրը մի քանի անգամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր լրագրող Ծովինար Բարխուդարյանը։

Համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ադրբեջանցիների ձայնը։ «Անհապաղ հեռացեք տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա։ Մի՛ վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ ցանկացած գործունություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»,–ասվում է ձայնագրության մեջ։