17 մարտի 2022 - 10:52 AMT
Միրզոյանը Փարիզում խոսել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամից, նշել՝ ՀՀ-ն պատրաստ է Բաքվի հետ առանց նախապայմանների բանակցելու

Մարտի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին:

Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից:

Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին:

Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչ օրս դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։