19 մարտի 2022 - 11:30 AMT
Առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն 1000 եվրո կդառնա

Մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15% չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար:

Նշվում է, որ ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից: