22 մարտի 2022 - 10:41 AMT
Զելենսկի․ Դոնբասի և Ղրիմի հարցը հանրաքվեով պետք է լուծվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնբասի և Ղրիմի հարցը հանրաքվեով պետք է լուծվի։

Նա նաև կարևորել է, որ հանդիպում լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ միայն ուղիղ բանակցություններում վերջնականապես կպարզվի, թե ինչ է ցանկանում Ռուսաստանը և ցանկանում է արդյոք դադարեցնել պատերազմը։ Նա կարծիք է հայտնել, որ բոլոր հարցերը լուծվել չեն կարող, բայց գլխավորներին կարող է լուծում տրվել, գրում է Israel Info-ն։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին՝ Զելենսկին ասել է, թե ժամանակն է խոստովանել, որ Ուկրաինային չեն ցանկանում տեսնել այդ դաշինքում, ուստի երկիրը պետք է անվտանգության այլ երաշխիքներ որոնի։

Նա նաև ասել է, որ «խոսք լինել չի կարող այն մասին, որ Մարիուպոլը, Խերսոնը, Խարկովը մնան օկուպացիայի տակ, իսկ Դոնբասի և Ղրիմի հարցի վերաբերյալ փոխզիջումները պետք է որոշեն Ռադան և ժողովուրդը՝ համազգային հանրաքվեով»։

Ավելի վաղ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին հհայտարարել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցում մերձեցում կա։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։