2 ապրիլի 2009 - 19:30 AMT
Թուրքիայում կայացած ընտրությունները AKP համար իսկական պարտություն դարձան
Չնայած, որ Թուրքիայում կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP) հաղթանակ տարավ երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ընտրությունների արդյունքները իսկական պարտություն դարձան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները միշտ հետաքրքիր են, քանի որ դրանք նախորդում են խորհրդարանական ընտրություններին: Այս ընտրություններին AKP Թուրքիայի շատ քաղաքներում իր դիրքերը զիջեց քրդամետ եւ ազգայնական կուսակցություններին: Դրա հիմնական պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու վարչապետ Էրդողանի վարքն էր, որն առաջնորդվում է «մեկ անձ` մեկ կուսակցություն» սկզբունքով»,- նշել է հայ թուրքագետը:
Արտակ Շաքարյանի խոսքով, կիրակնօրյա ընտրություններին ընտրողների քանակն ավելացել էր 6 միլիոնով, որոնց ճնշող մեծամասնությունը թուրքական երիտասարդությունն էր: «Իշխող կուսակցությանը չհաջողվեց իր կողմը գրավել թուրք երիտասարդությանը: Բացի դրանից, Էրդողանի կուսակցությանն անհանգստացրեց այն, որ երկրի արեւելյան շրջաններում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացավ «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը»,- նկատել է թուրքագետը` ավելացնելով, որ ելնելով կայացած ընտրություններից, կարելի է կանխատեսել, որ 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հիմնական դիմակայությունը լինելու է իսլամիստների եւ քեմալիստների միջեւ: «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին որոշիչ կլինի այն հարցը, թե արդյոք Էրդողանի կուսակցությունը կկարողանա դիմակայել տնտեսական ճգնաժամի հետեւանքներին, թե` ոչ»,- ընդգծել է Արտակ Շաքարյանը: