Արցախում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան, ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով։ Այդ մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը՝ քաղաքացիների հարցումներին ի պատասխան։
«Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:
Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»,-ասվում է ԱՀ տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։