2 ապրիլի 2009 - 19:43 AMT
Հայաստանի թեքվանդոյի հավաքականը Իրան է մեկնել մասնակցելու «Արեւածագի 10 օրեր» առաջնությանը
Հայաստանի թեքվանդոյի երիտասարդական եւ ազգային հավաքականները ապրիլի 1-ին հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի եւ ավագ մարզիչ, իրանցի Ռահիմ Սալեհիի ղեկավարությամբ մեկնել են Թեհրան, որտեղ ապրիլի 2-9 երիտասարդական հավաքականը ուսումնա-մարզական հավաք կանցկացնի, իսկ ապրիլի 11-13 ազգային հավաքականի մարզիկները կմասնակցեն «Արեւածագի 10 օրեր» առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի թեքվանդոյի Ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, երիտասարդական հավաքականը չի մասնակցի առաջնությանը միայն այն պատճառով, որ առջեւում ԱԱ-ն է, որը տեղի կունենա մայիսի 28-31 Ստոկհոլմում:

«Մենք որոշեցինք չներկայացնել երիտասարդական հավաքականը Իրանի առաջնությանը, քանի որ առջեւում ԱԱ-ն է, իսկ նրանք ոչ մի դեպքում չպետք է վնասվածքներ ստանան: Այնպես որ իրանական առաջնությանը կմասնակցեն միայն ազգային հավաքականի թեքվանդոիստները: Իսկ երիտասարդ մարզիկները ՈՒՄՀ կանցկացնեն, որից հետո ապրիլի 9-ին կվերադառնան Հայաստան եւ կշարունակեն պատրաստվել ԱԱ-ին»,- ասել է Ղահրամանյանը:

Ղահրամանյանի խոսքով, այս տարի Հայաստանի թեքվանդոյի հավաքականները երկրի հավաքական թիմերի գոյության պատմության մեջ ամենաօպտիմալ կազմն ունեն:

«Այս տարի մեր մարզիկները լավագույն սպորտային պատրաստվածությունն ունեն: Մենք մեր թեքվանդոիստների հետ մեծ հույսեր ենք կապում առաջիկա ելույթներին: Մասնավորապես ազգային հավաքականից նշեմ Արման Երեմյանին, Արամ Սահակյանին, Մաքսիմ Սահակյանին, Լեւոն Փաշաբեդյանին եւ Գրիգոր Վարդանյանին: Լավ պատրաստվածություն ունեն նաեւ Հայկազ Սամվելյանն ու Վարագ Աղաջանյանը, որոնք, ի դեպ, կմասնակցեն թե' ԵԱ, թե' ԱԱ, որը տեղի կունենա հոկտեմբերին Դանիայում: Այնպես է ստացվել, որ երկուսն էլ այս տարի երիտասարդական տարիքային կարգից անցնում են հասուն»,- նշել է Հայաստանի թեքվանդոյի Ֆեդերացիայի փոխնախագահը: