Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ Ադրբեջանի միջամտության արդյունքում արդեն 3 օր է Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազից՝ հավելելով, որ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ անհնար դարձնել արցախահայության ապրելը սեփական հայրենիքում։
«Ինչպես գիտեք մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը և ի վերջո ինքը նորոգեց։ Արդյունքում, մեր տեղեկություններով գազատարի վրա տեղադրվել է փական և մարտի 18-ին գազամատակակարումը մի քանի օրով վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21-ին, արդեն առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ առանձնակի ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումն էլ եղել է եղանակային բացառիկ պայմաններում, երբ մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ քանակի ձյուն էր տեղացել Արցախում և օդի ջերմաստիճանն աննախադեպ իջել էր։
«Մարտի 21-ին ջերմաստիճանի անկման և ձյան տեղումների ռեկորդը գերազանցվել էր, ձյան տեղումները տեղ-տեղ հասնում էր 1.5 մետրի, Ստեփանակերտում՝ 1 մետրի, օդի ջերմաստիճանը նվազել էր մինչև -8 աստիճան։ Եվ այս պայմաններում Արցախը միտումնավոր զրկվել է բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու հնարավորությունից»,-ասել է նա։
Նշելով, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։ Փաշինյանը հավելել է, որ Բաքուն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը կարող է հասկանալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը առանց հարյուրավոր էջեր թերթելու։
«Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը՝ արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,- ասել է վարչապետը։
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։