24 մարտի 2022 - 14:28 AMT
Փաշինյան․ Երասխում Ադրբեջանին առաջարկել ենք մի քանի դիրք հետ քաշել, մի քանի դիրք էլ՝ մենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրի նիստում խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտության մասին, ասել է, որ հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին, որ Երասխի հատվածում իրենք մի քանի դիրք հետ քաշեն զորքերը մեր տարածքից, «մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից»։

«Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:

Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական հետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է նա:

Վարչապետը նաև հավելել է, որ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է։

«Եվ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առումով մենք, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ...

Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում»,- ասել է Փաշինյանը:

Մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ընթերցեք նաև․ Պաշտպանելու ենք ԼՂ հայության իրավունքները՝ չարհամարհելով մյուսներինը, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը՝ «մենք ֆաշիստ չենք»