25 մարտի 2022 - 15:18 AMT
Աղաջանյան․ Ադրբեջանը մի շարք դիրքեր է զբաղեցրել, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ ադրբեջանցիները զբաղեցրել են մի շարք դիրքեր։

«Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասել է նա։

Նա հավելել է, որ փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։

«Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերն ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտել է ՔՊ-ական պատգամավորը։

Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում, ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարել է Աղաջանյանը։

Նա նշել է նաև, որ Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է Արցախի ՊԲ-ն: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող։