2 ապրիլի 2009 - 22:45 AMT
Հայաստանի կառավարությունը 559 մլն դրամով վարկավորում է փոքր եւ միջին ձեռնարկությունները
Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշվել է 2009թ. պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային հիմնադրամին տրամադրել 559 մլն դրամի չափով բյուջետային վարկ, առանց գրավի, 0,001% տոկոսադրույքով:
Որոշման համաձայն, տնտեսվարող կազմակերպությանը վարկային միջոցները կտրամադրի տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ) տնտեսվարող կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, իսկ չբավարարող մասով նաեւ սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, 5 տարի ժամկետով:
Միջոցները հատկացվում են Ազգային հիմնադրամին երկու տնտեսվարող սուբյեկտներին վարկավորելու նպատակով «Վայք գրուպ» ընկերությանը, որը զբաղվում է գյուղատնտեսական գործունեության եւ գյուղմթերքի վերամշակմամբ, եւ «Քոնսերթ» ընկերությանը, որը եւս զբաղվում է գյուղմթերքի վերամշակմամբ: