29 մարտի 2022 - 13:05 AMT
Սիմոնյանը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ-ում վիճակը շատ լարված է, Ադրբեջանին առաջարկում ենք անհապաղ սկսել բանակցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, այն որակել է որպես շատ լարված և հայտարարել է, որ հայկական կողմը, հաստատելով իր դիրքորոշումը, առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ։

Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ:

«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա:

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են:

«Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը հետ քաշել զորքերը Փառուխ գյուղից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։