2023 թ․ ֆինանսական տարվա համար Սպիտակ տան բյուջեի նախատեսվող հատկացումներում, որը հրապարակվել է մարտի 28-ին, Հայաստանին տրամադրվելիք օգնությունը նվազեցվել է, իսկ Արցախին օժանդակություն նախատեսված չէ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հորդորում է Կոնգրեսին ընդամենը 24 մլն դոլար հատկացնել Հայաստանին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, Հայաստանին որպես աջակցություն է նախատեսում 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար, մինչդեռ Ադրբեջանին նախատեսվում է ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնել»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և համայնքային ակտիվիստները կաշխատեն հատկացումների հարցի վրա՝ նպատակ ունենալով, որ ԱՄՆ-ից ՀՀ-ին և Արցախին հատկացվող օգնությունը կտրուկ աճի։
ԱՄՆ-ն 2022-ի համար 45 մլն դոլար է հատկացրել Հայաստանին և 2 մլն դոլար Արցախին, թեև նախապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոչ էր արել է $24 մլն օգնություն հատկացնել ՀՀ-ին։ ԱՄՆ նախագահի՝ ՀՀ համար առաջարկած բյուջեն ներառում էր 23,405,000 դոլարի հատկացում և 600,000 դոլարի ռազմական օգնություն։ Բյուջեի առանձին հոդվածով նախատեսված էր $6,050,000 հատկացնել ՀՀ իրավապահ մարմիններին թմրանյութերի շրջանառության դեմ միջազգային պայքարի համար։