Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության նվազեցման ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ խաղաղապահները գործում են՝ խստիվ հետևելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Հարց է հնչել, թե իրականում ինչ է կատարվում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում և կարող է արդյոք դա սադրանք լինել Ադրբեջանի կողմից, գուցե Թուրքիայի հրահրմամբ՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով, քանի դեռ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով։
Զախարովան պատասխանել է, որ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջին միջադեպերի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն արտահայտված է ՌԴ ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ:
«Մոսկվան կոչ է արել կողմերին ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցումը և ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ին պայմանավորվածությունների անվերապահ կատարումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Ընդ որում խաղաղապահները գործում են՝ խստիվ հետևելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,-ասել է նա։
Զախարովան հավելել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ԱԳՆ գծով, իսկ տեղերում օպերատիվ իրադրության մասին տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով հրապարակվում է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում:
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:
Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:
Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։