30 մարտի 2022 - 18:45 AMT
Ադրբեջանը ռուս պատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարության վերաբերյալ, որպես մեղադրյալ ներգրավել նրան և Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարել, տեղեկացնում է Haqqin.az-ը։

Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել հարվածել Ադրբեջանի նավթահանքերին՝ «ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով»։

Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 29-ի իր ճեպազրույցում «անթույլատրելի և անպատասխանատու» էր անվանել Դելայգինի խոսքերը և նշել, որ դրանք չեն արտահայտում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հարցին էր անդրադարձել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Բաքվի հասցեին ոչ բարեկամական հայտարարություններից։ Նա նաև հորդորել էր «վերահսկել սեփական հույզերը»։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։