1 ապրիլի 2022 - 11:12 AMT
ԱԽ քարտուղարը Լիտվայում հերքող փաստեր է ներկայացրել ՀՀ վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին

Լիտվայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանը մանրամասն հերքող փաստեր է ներկայացրել Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին:

Կողմերը քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերը և պայմանավորվել գործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ:

Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ:

Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ երկուստեք ընդծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ և Արցախի դեմ վարում է ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն։ «Ադրբեջանը նախ թեզեր է նետում դիվանագիտական կամ հանրային հարթակ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ մերժելու մեջ, հետո Հայաստանին է վերագրում ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ։ Եվ այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են վերոնշյալ խոսութով և բանաձևեևով»», - ասել է Փաշինյանը։