2 ապրիլի 2022 - 10:49 AMT
ԱՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ նախագահին ափսոսանք է հայտնել հասցեական արձագանքի բացակայության համար

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության կապակցությամբ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։

Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները։

Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։