2 ապրիլի 2022 - 16:48 AMT
Աֆեյան․ Ուզում ենք ՀՀ-ն վերածել տեխնոլոգիաների երկրի

Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, FAST հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը Լոս Անջելեսում հանդես է եկել FAST-ի դրամահավաք առաջին Advance Armenia Gala երեկույթում որպես հիմնական բանախոս։

Նա ասել է, որ FAST-ը ցանկանում է Հայաստանը վերածել տեխնոլոգիաներ ստեղծող երկրի, գրում է FOX 11-ը։

FAST-ը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ստեղծվել է 2016-ին, որի առաքելությունն է ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարության և գիտական առաջխաղացման խթանի համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծել։

«FAST-ն աշխատում է Հայաստանը տեխնոլոգիաներ սպառող երկրից տեխնոլոգիաներ ստեղծող երկրի վերածելու ուղղությամբ։ Դոկտոր Աֆեյանը ակտիվորեն մասնակցում է բազում բարեգործական նախագծերի, որոնցից շատերը կապված են Հայաստանի հետ։ Տարիներ շարունակ նա բազմաթիվ պարգևների է արժանացել իր ձեռնարկատիրական և բարեգործական ավանդի համար, այդ թվում՝ առողջապահության և կյանքի մասին գիտությունների բնագավառում 76 ընկերության ստեղծմանը նպաստելու համար»,-ասվում է հոդվածում։

Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1983 թվականին քիմիական ճարտարագիտության բակալավրիատի աստիճան է ստացել Մաքգիլ համալսարանից, ասպիրանտուրան շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժնում, որն ավարտել է 1987 թվականին։

Աֆեյանը հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ի գլխավոր փոխնախագահ, տնօրեն, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերության ստեղծումը։ Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) դասավանդում է «ձեռներեցություն» առարկան։ 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։։