5 ապրիլի 2022 - 17:05 AMT
Սիմոնյան․ ՀՀ և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հրվ. Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին և 44-օրյա պատերազմի հետևանքներին, ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարևոր գործոններից է։

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:

Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

Սիմոնյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Նա հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում և Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարևորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջև հարաբերությունների կարևոր ուղղություններից:

Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձևաչափերի շուրջ ևս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:

Գործընկերները մտքեր են փոխանակել նաև Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:

Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախատեսվում է հանդիպում նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: