ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է բանակցությունների առարկա դառնա։
Վարչապետը նաև հավելել է, որ հայկական կողմն էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պետք է շարունակի աշխատել այդ ուղղությամբ։
Նա հաստատել է, որ ընդունելի են համարում Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկները, բայց դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգը։
«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ այս հարցերն ընդգրկված են Ադրբեջանին ներկայացված պատասխանում և բանակցությունների առարկա պետք է դառնան։
Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն քննարկումը «իրավիճակի միասնական գնահատականի չի հանգեցրել»։
Նա ասել է, որ Փառուխի հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։
«Բրյուսելում Փառուխի թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չեմ համարել, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն արվում է»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է՝ հայկական կողմն ակնկալում է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար։
Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: