12 ապրիլի 2022 - 15:03 AMT
Ուկրաինայի ՊՆ-ն ստուգում է Մարիուպոլում քիմզնեքի հնարավոր կիրառման մասին լուրերը․ Ռուսական կողմը ժխտում է նման զենքի կիրառումը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ստուգում է Մարիուպոլում ռուսական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին լուրերը։ Այդ մասին հայտարարել է գերատեսչության փոխղեկավար Աննա Մալյարը։

«Ենթադրություններ կան, որ, հնարավոր է, ֆոսֆորային զինամթերք է եղել։ Վերջնական պաշտոնական տեղեկատվությունն ավելի ուշ կլինի»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում ժխտում են Մարիուպոլում քիմիական գրոհի մասին լուրերը։

«Ոչ մի քիմիական զենք ԴԺՀ ուժերը Մարիուպոլում չեն կիրառել»,-ասել է ԴԺՀ ժողսովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Ռուսների կողմից քիմզենքի կիրառման մասին հայտնել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» հատուկ նշանակության գնդի անդամները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է, որ համաշխարհային առաջնորդները խիստ արձագանք են խոստացել՝ ՌԴ կողմից նման քայլի գնալու դեպքում, գրում է Apostrophe.ua-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը ստուգում է տեղեկատվությունը, գրում է CNBC-ը։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասսն իր հերթին Twitter-ում գրել է, որ իր երկիրը ստուգում է ՌԴ կողմից քիմզենքի կիրառման մասին տեղեկությունները։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները թույլ չեն տվել ուկրաինացի զինվորականներին դուրս գալ շրջափակումից Մարիուպոլի Իլյիչի անվան գործարանաում, որի փորձ է արվել ապրիլի 11-ի երեկոյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ 42 ուկրաինացի զինծառայող գերի է հանձնվել։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. Reuters